Չնայած մեծ-մեծ խոստումներին՝ կառավարությունը համաձայնել է գումար տրամադրել բարձր տոկոսադրույքով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա ընթացքում կառավարությունը մարզերում ֆինանսավորել է 20 ներդրումային ծրագիր՝ 638 միլիոն դրամի չափով գումար, չնայած վարչապետի հավանությանն է արժանացել ներկայացված մոտ 180 ծրագրից 58-ը: Իսկ ֆինանսավորվել է ընդամենը 20 ծրագիր, որովհետև, ինչպես հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մի շարք ծրագրերի հեղինակներ հրաժարվել են առաջարկվող տոկոսադրույքով տրամադրվող վարկից: Ասել է, թե կառավարությունը, չնայած մեծ-մեծ խոստումներին, այնուամենայնիվ, համաձայնել է գումար տրամադրել բարձր տոկոսադրույքով:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյո՞ք այդքան մեծ տոկոսադրույքով վարկային միջոցը ներդրումային բիզնեսի համար խելամիտ է, նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Նարինե Ավետյանն ասել է. «Չէ՛, խելամիտ չէ, բայց բյուջեում չկային գումարներ, որով կարողանայինք սուբսիդավորել կամ իջեցնել վարկի տոկոսադրույքի չափը: Բացի այդ` ամեն բան փոքր-ինչ արագ-արագ ստացվեց, և մենք օգտագործեցինք այն մեխանիզմները, որոնք ունեինք ՓՄՁ զարգացման գրասենյակի, փոքր, միջին ձեռնակատերերի ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցներով: Իսկ իրենք էլ ֆինանսավորման 12 տոկոսադրույք ունեն»»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: