Վարչապետն անդրադարձել է 2018-ի հունվար ամսվա տնտեսական ցուցանիշներին (լուսանկար)
Վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2018-ի հունվար ամսվա ցուցանիշներին: «Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս ամիս կազմել է 10.2%, ունենք աճ գրեթե բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներով: Հատկապես կարևորում եմ արտաքին առևտրի շրջանառության աճը՝ 47.6%, ինչպես նաև արտահանման ու ներմուծման ցուցանիշների դինամիկան՝ 45.2% և 48.9% աճ համապատասխանաբար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետը:
Հրապարակված ինֆոգրաֆիկայից պարզ է դառնում, որ տնտեսական ակտիվությունը 2014թ-ի հունվարին կազմել է 2.0, 2015-ի հունվարին՝ 1.9, 2016-ի հունվարին՝ 5.5, 2017-ի հունվարին՝ 6.8, և 2018-ի հունվարին՝ 10.2 տոկոս: Ներքին առևտրաշրջանառությունը վերջին 5 տարիների հունվար ամիսների ընթացքում հատկապես աճ է արձանագրել 2017-2018թթ-ին. այսպես, 2014-ի հունվարին այն կազմել է 4.6 տոկոս, 2015-ի նույն ամսին ցույց տվել բացասական՝ 4.3 տոկոս ցուցանիշ, իսկ 2016-ի հունվարին՝ 2.5 տոկոս բացասական ցուցանիշ: Սակայն 2017 և 2018թթ-ի հունվար ամիսներին այն համապատասխանաբար աճել է 9.0 և 17.3 տոկոսով: