Բեռլինի Կինոփառատոնի «Թալենթս» ծրագրին կմասնակցի արձակագիր, կինոռեժիսոր Արեգ Ազատյանը
Երիտասարդ գրող, սցենարիստ և ռեժիսոր Արեգ Ազատյանն ընտրվել է 2018 թվականի Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Բեռլինալե Թալենթս» ծրագրում, իբրև սցենարիստ և պրոդյուսեր։
Tert.am-ի հետ զրույցում հեղինակն ասաց, որ կինոփառատոնը մեկնարկում է փետրվարի 15-ից։ Ծրագրին մասնակցում են շուրջ 250 կինոգործիչներ ողջ աշխարհից։
Արեգ Ազատյանը, որպես կինոռեժիսոր նկարահանել է «Էշը», «Ճանճը», «Զատիկի ոտքից բռնված», «Ծովում չերևացող դելֆինները» կարճամետրաժ կինոնկարները և «Ռոմանտիկները» (Համահեղինակ՝ Շողիկ Թադևոսյան) լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Վերջինիս հիմքում Արեգ Ազատյանի գրած պատմվածքներն են:
Ժապավենները մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոների՝ Ռոտտերդամի, Բարսելոնի, Փարիզի, Սան Պաոլոյի, Տրիեստի, Մադրիդի, Հյուսթոնի եւ այլն, ստացել մրցանակներ և պարգեւներ։
Նա հրատարակել է «Կյանք արեւից վերեւ», «Մարդու դատավարությունը», «Զատիկի ոտքից բռնված», «Թռչող Աֆրիկացին», «Ռոմանտիկները» պատմվածքների ժողովածուները։ Արժանացել է «Ռուբեն Սեւակ» գրական մրցանակին, ՀՀ նախագահի մրցանակին, որպես լավագույն երիտասարդ արձակագիր, Ֆրանսիայում «Terre d’Armenie» գրական փառատոնում ստացել է տարվա լավագույն գրող մրցանակը։