Եթե Արամ Աթեշյանը եկավ Հայաստան, ես ֆիզիկապես պետք է վերացնեմ նրան․ Գևորգ Յազըճյան
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում վերընտրվելը չափազանց վտանգավոր նախընթաց է, որին պետք է արձագանքի ոչ միայն պոլսահայությունը, այլ նաև ամբողջ հայությունը, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու մնացած նվիրապետական աթոռները։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան Գևորգ Յազըճյանը։
«Ես խստորեն դատապարտում եմ մնացյալ երեք աթոռների համարյա քար լռությունը։ Տեսնում ենք, որ Կիլիկիո կաթողիկոսությունը և Երուսաղեմի պատրիարքությունը համարյա քար լռություն են պահպանում, կարծես իրենց չի վերաբերում։ Դա նույնն է, որ տան մեջ մեկ անդամին ուզում են ծեծեն, բռնանան, իսկ մնացյալ անդամները պատուհանից դուրս են նայում։ Դատապարտում եմ նրանց լռությունը. պարտավոր ենք այլևս դիրքորոշվել»,- նշեց նա։
Գևորգ Յազըճյանը հրապարակավ հայտարարեց, որ եթե Արամ Աթեշյանը Հայաստան ժամանի, ինքը ֆիզիկապես կոչնչացնի նրան․
«Ես խոստանում եմ դա։ Եթե նա գա Հայաստան, ես դա անձնական անարգանք կհամարեմ և ֆիզիկապես կվերացնեմ նրան»,- հայտարարեց պատմաբանը։
«Յուրաքանչյուր վարդապետ կամ աբեղա եպիսկոպոս օծվելիս տալիս է գրավոր համաձայնություն, որ պետք է հնազանդ լինի այդ օրերի և նրան հաջորդող կաթողիկոսներին։ Աթեշյանը խախտել է, և մնում է անպատիժ։ Նա գոնե մի տեսակ պատժի պետք է արժանանա, առնվազն փիլոնազրկումն է, որ նա չկարողանա մասնակցել եկեղեցական արարողություններին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը առնվազն այս պատիժը պետք է մինչև այսօր արած լիներ, իսկ հիմա Արամ Աթեշյանին ուղղակի պետք է կարգալույծ հռչակել, դուրս թողնել հայ եկեղեցուց։ Նա սրբապղծում է մեր նահատակներին, երկու տարի առաջ մեր եկեղեցին սրբադասեց մեծ Եղեռնի նահատակներին, նա դա չի ընդունում։ Ինչպես կարելի է հանդուրժել այպիսի հոգևորականի, որը չի ընդունում հայ եկեղեցու սրբերին»:
Թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանն անօրինական է համարում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերընտրվելը փոխանորդի պաշտոնում։ Նրա խոսքով՝ փոխանորդը նշանակվում է պատրիարքի կողմից. Արամ Աթեշյանը նշանակված է ոչ թե փոխանորդի, այլ Թուրքիա պետության կողմից։
«Պետությունը հարմար գտավ, որ Աթեշյանը շարունակի իր գործունեությունը, բայց այլևս Աթեշյան սրբազանը չափն անցավ, սրանք պարզ աղաղակող անօրինականություններ են։ Սա պարզապես ապօրինություն է՝ ըստ Հայաստանի եկեղեցու կանոնների։ Մենք կրոնական ժողովի կողմից ունենք ընտրված տեղապահ Բեկչյանը, բայց նրա ընտրությունը չեղարկվեց։ Նա օրենքով ընտրված է և իր գործունեությունն է ծավալել»,- ասաց նա։
Ըստ նրա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս խնդրին պետք է խառնվի։ Սակայն թուրքագետը նկատեց, որ Պոլսո պատրիարքությունը անկախ է և կարող է հայտարարել, որ չի ճանաչում Հայաստանի կաթողիկոսին։
Հի՛եցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի որոշմամբ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է օրերս Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:
Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետարանի կողմից հրավիրված արտահերթ ժողովում պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների և հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայությամբ պաշտոնապես հայտարարվել էր, որ ավելի քան 9 տարի կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք որևէ նոր ընտրության հայ համայնքին գնալ չի թույլատրվի և որ պետությունը հավատարիմ է մնալու իր՝ 2010 թվականին Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը: