Նման հարցի կարելի է անդրադառնալ միայն դատական գործընթացում. Դ. Հարությունյանը` «Աշտարակ կաթի» սնանկացման հետևանքով աշխատավարձ չստացած քաղաքացիների մասին
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ դեռ նախորդ տարի «Աշտարակ կաթ» ընկերության սնանկացման հետևանքով աշխատավարձ չստացած քաղաքացիների հարցով դիմել էր վարչապետին:
Պատասխան է ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից, որ այդ հարցը միայն սնանկացման գործընթացների շրջանակներում կարող է լուծվել:
Փաշինյանը նշեց, որ սնանկացման կառավարիչը դատական հայցեր է հարուցել մի քանի հարյուր ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք ժամանակին նախկին «Աշտարակ կաթի» հետ աշխատել են, և առաքիչներն էլ արձանագրում են, որ նրանցից գումարներ են ստացել, մուտքագրել, սակայն այդ գումարները չկան:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախ նշեց, որ սնանկության կառավարիչը գործում է մասնագիտացված կազմակերպության ներքո, վերահսկվում է դատարանով, ենթարկվում է օրենքին, և եթե դիմել է դատարան, ունեցել է հիմք:
«Յուրաքանչյուր նման հարցին կարելի է անդրադարձ կատարել միայն դատական գործընթացում»,-պարզաբանեց նախարարը և խոստացավ ուշադրություն դարձնել այս գործընթացին: