Քաղաքական խնդիրն այժմ ոչ թե եկամտահարկի նվազեցումն է, այլ փոքր ու միջին աշխատավարձ ստացողների եկամուտների ավելացումը. Խոսրով Հարությունյան
ՀՀԿ խմբակցությունը քննարկել է եկամտային հարկի մասով ռադիկալ փոփոխությունների անհրաժեշտությունը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Միաժամանակ նա շեշտեց, որ ինքը չի ցանկանա, որ հանրության մոտ ինչ-որ անիրականանալի սպասելիքներ ձևավորվեն, քանի որ խնդիրը դրույքաչափերի նվազեցումը չէ: Հարությունյանը նկատեց՝ Հայաստանում 395 մլրդ դրամի հարկային արտոնություններ կան, ինչն իր արդյունավետությունը չի ապացուցել:
- Պարո՛ն Հարությունյան, մինչ գնաճի հետ կապված խորհրդարանական լսումները չէր բացառվում, որ եկամտահարկի դրույքաչափի փոփոխություն կարող է լինել, սա չեք բացառել նաև Դուք: Արդյոք այս հարցի հետ կապված քննարկումներ արդեն իսկ եղե՞լ են, առաջարկներ, նախագծեր կա՞ն:
- Նախ ասեմ, որ խորհրդարանական լսումների արդյունքները հիմա ամփոփման փուլում են, որովհետև 28 ելույթ է եղել, որոնցից 8–ը`պատգամավորի, մնացածը մասնագետների։ Հստակ առաջարկություններ են եղել: Հիմա այդ առաջարկությունները` հատկապես գիտնականների, փորձագետների, ամփոփման ու ուսումնասիրման փուլում են, որը ժամանակատար է: Հավանաբար, մեզ կհաջողվի այս ուսումնասիրություններն ավարտել առաջիկա շաբաթում` ընդ որում, ավարտելուց հետո, երբ մենք փաստաթուղթ կձևավորենք, մտադիր ենք քննարկել առաջարկությունները հենց հեղինակների հետ, որպեսզի հասկանաք՝ իրենց ճի՞շտ ենք հասկացել: Սակայն սա դեռ բավական չէ, ու լուրջ պետք է ուսումնասիրվի, քանի որ կարող են լինել այնպիսի առաջարկներ, որոնց իրականացումը լուրջ խնդիրներ կստեղծի բյուջետային համակարգի վրա։ Ինչպես նաև` ցանկացած հարցադրում պետք է քննարկվի պատասխանատուների՝ Կառավարության հետ: Արդյունքում` կարող են ձևավորվել առաջարկություններ, բայց նպատակը ոչ թե այն է, որ եկամտահարկի դրույքաչափը նվազեցվի, այլ պետք է մտածենք, թե ինչպես համեմատաբար ցածր և միջին աշխատավարձ ստացողների եկամուտները բարձրացնենք այն չափ, որ նրանք կարողանան դիմագրավել առանձին ապրանքների գների շեշտակի բարձրացմանը: Հիմա` ինչպես սա կանենք՝ եկամտահարկի դրույքաչափի վերանայում և այլն, սա դեռ պետք է քննարկենք: Քաղաքական խնդիրը ոչ թե եկամտահարկի դրույքաչափի նվազեցնումն է, այլ խոսքն այն մասին, թե ինչ գործիքակազմ կարելի է օգտագործել, որ փոքր ու միջին աշխատավարձ ստացողների տնօրինվող եկամուտներն ավելացնենք:
Մեր խմբակցությունում քննարկվել է ու մենք մտածում ենք եկամտային հարկի մասով ռադիկալ փոփոխությունների մասին, բայց չեմ ցանկանա, որ հանրության մոտ ինչ-որ անիրականանալի սպասելիքներ ձևավորվեն:
- Ինչպե՞ս եք մտադիր բարձրացնել միջին և ցածր աշխատավարձ ստացողների եկամուտները, եթե Կառավարությունը հայտարարում է, որ անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող բարձրացնել նույնիսկ նվազագույն աշխատավարձը:
- Նվազագույն աշխատավարձը վերաբերում է միայն պետական սեկտորի աշխատողներին: Պատկերացրեք, որ նվազագույն աշխատավարձը՝ 55 հազարից դարձնեն 60 հազար, այս պարագայում 120-200 հազար ստացողի աշխատավարձը կբարձրանա ընդամենը 5000 դրամով, բայց 700 հազար դրամ աշխատավարձ ստացողինը, օրինակ՝ պատգամավորինը, կբարձրանա ոչ թե 5000, այլ 25-30 հազարով:
Մանրամասներն՝ այստեղ: