Կառավարությունը հավանություն է տվել «Հանրային խորհրդի մասին» օրինագծին
Կառավարությունը հավանության է արժանացրել «Հանրային խորհրդի մասին» օրինագիծը։ Այն հունվարի 18-ի նիստի ժամանակ ներկայացրել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Հանրային խորհրդի ներկայիս գործունեությունը կարգավորվում էր և նրա անդամները նշանակվում էին նախագահի կողմից: 2015 թվականին սահմանադրական փոփոխություններ են կատարվել և կառավարության մասին նոր դրույթներ են հաստատվել խորհրդարանական կառավարման ձևին անցնելու հետ կապված: Հանրապետության նախագահի ինստիտուտը զգալի փոփոխության է ենթարկվել, կրճատվել են նրա լիազորությունները: «Այս օրինագիծը նախատեսում է ապաքաղաքականացված հանրային խորհրդի ձևավորում, որը կստանա սահմանադրական կարգավիճակ՝ դառնալով կառավարությանն առընթեր խորհրդատվական մարմին», - պարզաբանել է նախարարը: