Հայաստանի ու Տաջիկստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել միմյանց տարածք. Նոր համաձայնագիր
Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագիրը նախատեսում է, որ երկու երկրների քաղաքացիները արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերով կարող են մուտք գործել միմյանց տարածք առանց վիզաների: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում համապատասխան համաձայնագրի նախագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, համաձայնագրով սահմանվում է, որ կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ կամ ընդհատումներով մնալ տվյալ երկրի տարածքում ոչ ավել քան 90 օր, եթե տվյալ պետությունն ավելի բարենպաստ ռեժիմ չի սահմանում:
«Բոլորս տեղյակ ենք, որ 1992 թվականից ԱՊՀ երկրներում գործում է համաձայնագիր, որն ազատում է մուտքի արտոնագրերից, սակայն վաղուց արդեն մի գործընթաց է գնում, որ բոլոր երկրները երկկողմ պայմանագրեր են կնքում: Դա վերաբերում է նաև Վրաստանին, որի հետ ունենք երկկողմ համաձայնագիր: Այս պահին միայն 3 պետություն է մնացել, որոնց հետ դեռ չկան նման համաձայնագրեր. մեկը Տաջիկստանն է, ունենք նախագիծ Ուզբեկստանի հետ և նախատեսում ենք համապատասխան գործընթաց սկսել Ղրղզստանի հետ: Դրանով ամբողջ ԱՊՀ երկրների դաշտը կփակվի երկկողմ համաձայնագրերով»,-ընդգծեց Շավարշ Քոչարյանը:
Նշենք, որ համաձայնագրի քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 16-ի առավոտյան: