Ադրբեջանը, չճանաչելով Լեռնային Ղարաբաղի ԽՍՀՄ կազմից դուրս գալու օրինականությունը, հարցականի տակ է դնում իր սեփական անկախությունը. Շարմազանով
Ղարաբաղյան կարգավորման հարցում բեկում մտցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի մի քանի քայլեր նախաձեռնվեն։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Առաջին քայլը, նրա կարծիքով, պետք է լինի այն, որ Ադրբեջանը պետք է տրամադրված լինի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Չպետք է լինի ռազմական հռետորաբանություն։ Չպետք է լինի նույնիսկ հակամարտության ռազմական լուծման մասին ակնարկներ։ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հարգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-պարզաբանել է Շարմազանովը՝ հավելելով, որ կա երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, ուժի չկիրառման սկզբունքը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
Սրա հետ մեկտեղ հանրապետական կուսակցության մամուլի քարտուղարը նշել է, որ չպետք է այս սկզբունքներին մոտենալ ընտրողաբար՝ ընդունելով մեկը և մերժելով մյուսները։ Միաժամանակ, նա նշել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հանրապետության ղեկավարության, առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու չի կարող որոշվել նրանց ճակատագիրը, քանի որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից նույն այն օրենսդրական նորմերի հիման վրա, ինչ Ադրբեջանը, Հայաստանը և Խորհրդային Միության մյուս սուբյեկտները։ Այսպիսով, Շարմազանովի խոսքով, ստացվում է, որ Ադրբեջանը, չճանաչելով Լեռնային Ղարաբաղի ԽՍՀՄ կազմից դուրս գալու օրինականությունը, հարցականի տակ է դնում իր սեփական անկախությունը։