«Դժոխքի երաժշտություն». Փոստանջյանը 2018թ.-ին մտադիր է համազգային ընդվզում անել
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ «Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձևը» և «Դժոխքի երաժշտություն» կարգախոսների ներքո հունվարի կեսերից արդեն շրջելու են Հայաստանի, Արցախի և Ջավախքի քաղաքներով և գյուղերով՝ մարդկանց ծանոթացնելով ընդվզման իրենց ծրագրի հետ:
«Շուրջ 1 մլն մարդու աղքատությունը խոսում է այն մասին, որ այդ մարդկանց ընտանիքներում դժբախտություն է: 2018թ.-ին շրջելու ենք մարզերով, բաժանենք թռուցիկներ, լույսեր: Ընդզվման ներքո հրավիրվելու է մեծ համազգային ժողով, ընտրվելու է քաղաքական նոր էլիտա: Դուք չգիտե՞ք՝ հեղափոխությունը ոնց է լինում, բայց թե երբ ենք անելու, այս պահին չեմ կարող ասել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ըստ կուսակցության առաջնորդի, 2017թ.-ին տեղի է ունեցել այս ավտորիտար համակարգի բացարձակ լճացում, որևիցե փոփոխություն դեպի դրականը չի արձանագրվել, ընդհակառակը, վատթարացում է արձանագրվել բոլոր բնագավառներում:
Անդրադառնալով ԱՄՆ կատարած այցին՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ներգաղթ ապահովելու համար պետք է նախ և առաջ փոխել քաղաքական կառուցվածքը. «Պետք է մեր սփյուռքահայերը մասնակցեն մեր քաղաքական կյանքին, նրանցից պետք չի բարեգործության տեսքով օժանդակություն սպասել, ընտրելու և ընտրվելու իրավունքը պետք է վերականգնվի: Շատերն էին հայտարարում ներդրումների մասին, բայց ցանկացած ներդրում պահանջում է ապահովագրություն, այսինքն իրավունքի գերակայություն: Մինչդեռ մեր երկրում, որտեղ կան քաղաքական հալածյալներ, ընտրությունները կեղծվում են, գործարարն առաջինը հարցնում է իրավունքի գերակայության մասին, ներդրում չեն անում»: