Ինչպե՞ս կարող է մեկ անկախ պետությունը մյուսին տալ կարգավիճակ. Շարմազանովը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությունը
Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարություններն անհեթեթ են։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հասարակական–քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովի հայտարարությունը, թե Բաքուն պատրաստ է լայն ինքնավարություն շնորհել Լեռնային Ղարաբաղին ու ապահովել տեղի հայ հասարակության քաղաքացիական իրավունքները։
«Ինչպե՞ս կարող է մեկ անկախ պետությունը մյուսին տալ կարգավիճակ։ Արցախը անկախ պետություն է։ Դա հայտարարություն էր ներքիյ սպառման, համար, բայց հիմնազուրկ, անհեթեթ, ոչինչ չտվող հայտարարություն»,- ասել է Շարմազանովը՝ նշելով, որ հիմնախնդրի կարգավորման համար կա ԵԱՀԿ Մինսկի խումբ։
«Ադրբեջանի նախագահի խորհրդականի հայտարարությունները իրականության հետ որեւէ կապ չունեն։ Հայաստանը չի բանակցում դրա շուրջ, Հայաստանը բանակցում է երկու կարեւոր հարցի շուրջ։ Արցախը ոչ մի ձեւ ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի մաս»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Եթե Ադրբեջանը սա փորձում է ներկայացնել որպես փոխզիջում, մի բան կարող ենք ասել՝ բարեւ ձեզ»։