Կառավարությունը մերժեց հաշմանդամություն ունեցողների վերաբերյալ Միհրան Պողոսյանի առաջարկը
Հայաստանի կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 28-ի իր նիստում մերժեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի առաջարկությունը՝ որը վերաբերում էր Հարկային օրենսգրքում փոփոխությանը: Հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ պատգամավորը մասնավորապես առաջարկում է հաշմանդամության կարգ ունեցող անձանց ստացված եկամուտները եկամտային հարկով չհարկել:
Առաջարկի հիմնավորման մեջ նշվում է, որ դա խթաններ կստեղծի տնտեսվարողների համար, որպեսզի ավելի շատ հաշմանդամություն ունեցող անձնանց ներգրավեն աշխատանքային հարաբերությունների մեջ։
«Իհարկե, ընդհանուր նկատառումը չնսեցմացնելով՝ մենք խնդիր ենք տեսնում, պարոն վարչապետ, առաջինը պետք է հաշվի առնել, որ եկամտային հարկ վճարողն, իրականում, հենց ֆիզիկական անձն է, ոչ թե տնտեսվարողը և տնտեսվարողը նայում է համընդհանուր ծախսի տեսանկյունից, այսինքն՝ եթե 100 հազար դրամ վճարում է և եկամտային հարկը թողնվում է հաշմանդամություն ունեցող անձի մոտ, ամեն դեպքում, որևէ ծախսային փոփոխություն տնտեսվարողի մոտ չի առաջացնում, որպեսզի շարժառիթ ստեղծվի, որ նա ավելի շատ հաշմանդամություն ունեցող անձի ներգրավի», - ասաց Վարդան Արամյանը։
Նա նաև նշեց, որ եթե այս փոփոխությունը կատարվի, այն կարող է հաշմանդամություն ունեցող անձանց հետագայում կենսաթոշակային իրավուքների հետ կապված խնդիր առաջացնել. «Սա նաև վտանգավոր է այն տեսանկյունից, որ ոչ օրինապաշտ տնտեսվարողների համար սողանքի տեղ լինի, որ հաշմանդամություն ունեցող անձանց վրա մեծ գումարներ դնեն, հետո դա ավելի մեծ չափով նվազեցնեն շահութահարկի իրենց բազայից: «Այդ պատճառով կոչ կանենք ձեռնպահ մնալ օրենսդրական այդ փոփոխություններից»,-ասաց Արամյանը:
Կառավարությունն ընդունեց նախարարի առաջարկը։