Պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի մարդիկ վարեն առողջ կենսակերպ և լինեն ակտիվ. նախագահ
Ինչպես արդեն հայտնել ենք, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների և 2017 թվականի ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը:
«Մենք անընդհատ ասում և կրկնում ենք, որ Հայաստանի ամենաարժեքավոր պաշարները նրա քաղաքացիներն են: Պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի այդ մարդիկ վարեն առողջ կենսակերպ և լինեն ակտիվ նաև իրենց մասնագիտական բնագավառից դուրս:
Դուք անելիք ունեք այդ թանկ մարդկային կապիտալը ձևավորելու գործում: Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ մարզիկներ, որ դուք ձեր օրինակով ոգեշնչում եք հազարավոր մարդկանց:
Ձեր հաղթանակների կարևորության երրորդ պատճառն, իհարկե, Հայաստան աշխարհի և հայ ժողովրդի հանրահռչակումն է: Տիգրան Պետրոսյանի, Ալբերտ Ազարյանի և իրենց կյանքի օրոք արդեն առասպել դարձած այլ մարզիկների շնորհիվ բազմաթիվ մարդիկ լսեցին «Հայաստան» և «հայ» անունները:
Դուք բազմապատկում եք մեր ժողովրդի փառքը ողջ աշխարհում: Ազգն ու պետությունը ճանաչելի են առաջին հերթին իրենց զավակներով: Դուք արժանի զավակներ եք, և մենք հպարտանում ենք ձեզնով: Հայաստանի դրոշը, օրհներգն ու զինանշանը միջազգային մրցասպարեզներում թնդացնում են համայն հայության սրտերը»,- նշել է նա: