Հատուկ պահպանվող տարածքները հաջորդ տարի կհամալրվեն ժամանակակից տեխնիկայով
Բոլոր հատուկ պահպանվող տարածքները 2018-ին կհամալրվեն ժամանակակից տեխնիկայով՝ աղետներին և ապօրինի գործողություններին արագ արձագանքելու համար: Այսօր՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Տարվա ամենածանր բնապահպանական խնդիրը հրդեհներն էին: Գրեթե չմնաց որևէ հատուկ պահպանվող տարածք, որը չենթարկվեց հրդեհի: Մենք փորձեցինք մյուս գերատեսչությունների հետ խնդրին լուծում տալ: Կլիմայի գլոբալ փոփոխությունների պայմաններում այսպիսի խնդիրներ հաճախ կարող են լինել: Հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք: Այդ տեսակետից մենք ձեռնարկել ենք մի շարք գործողություններ՝ թե համակարգի տեխնիկական զինվածության և թե մասնագիտական կարողությունների ուժեղացման առումով»,-ասաց Մինասյանը:
2018-ին նախատեսված ծրագրով բոլոր հատուկ պահպանվող տարածքներն ունենալու են ժամանակակից տեխնիկական հագեցվածություն՝ արագընթաց մեքենաներ, որոնք արագ կարձագանքեն արտակարգ դեպքերին, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների հիման վրա ժամանակին բացահայտող և ահազանգող սարքավորումներ:
Սարքերը նաև կօգնեն որսագողության և ապօրինի ծառահատուﬓերի դեմ պայքարին: «Համոզված եմ, որ 2018-ը մեր բոլոր հատուկ պահպանվող տարածքներում լինելու է վերազինման տարի»,-նշեց նախարարը:
Գիտական ուսումնասիրություններ են կատարվում նաև Խոսրովի անտառի հրդեհի հետևանքների վերհանման, արգելոցի և արգելավայրերի ֆլորայի ու ֆաունայի գենոֆոնդի պահպանման ուղղությամբ: