Ես դեմ եմ ծայրահեղ քայլերին, ուսանողներին կոչ եմ անում դադարեցնել հացադուլը. Վահրամ Մկրտչյան
Ես դեմ եմ ծայրահեղ քայլերին և համոզված եմ, որ նման քայլերով տարկետման հարցի դեմ պայքարող ուսանողությունը չի կարող արդյունքի հասնել: Այս մասին այսօր ԵՊՀ-ում կազմակերպված «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի հանրային քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը՝ անդրադառնալով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների կողմից սկսված հացադուլին:
«Սա ընդունելի չէ, մանավանդ, որ իշխանությունը բարի կամք դրսևորեց, հանդիպեց օրենքին դեմ ուսանողության հետ, որոշակի ընդհանուր համագործակցության տիրույթներ մշակվեցին: Չեմ ողջունում նրանց քայլը, հակառակը ուզում եմ մեր երիտասարդներին հորդորել դադարեցնել հացադուլը»,- նշեց Վահրամ Մկրտչյանը:
Կրթության փոխնախարարի կարծիքով՝ զինվորական ծառայության մասին արդեն ընդունված օրենքը չի վնասում գիտությանը, ինչպես նշում են ուսանողները։ «Ես գտնում եմ, որ օրենքը այս տեսքով չի վնասում գիտությանը: Բազմաթիվ թվեր ներկայացվեցին, թե տարկետման իրավունքով սովորողներից քանիսն են հետո զբաղվում գիտությամբ: Նրանք շատ փոքր տոկոս էին»,- ասաց նա:
Հարցին, թե անտեսելու է ուսանողների հացադուլ սկսելու քայլը, Վահրամ Մկրտչյանը պատասխանեց. «10 րոպե առաջ եմ տեղեկացել այդ մասին, հասնեմ նախարարություն կասեմ»: