Ինչո՞ւ է Հայաստանն զգուշավոր իր գնահատականներում Վիեննայից հետո. Նալբանդյանի ելույթն՝ Աթենքում
Այս տարվա հոկտեմբերին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած վերջին գագաթաժողովը նույնպես ընդհանուր առմամբ անցել էր դրական մթնոլորտում, սակայն դրանից անմիջապես հետո Ադրբեջանը վերադարձավ իր ավանդական անհիմն մեղադրանքներին և ռազմական հռետորաբանությանը: Այս մասին, Հունաստանի ԱԳՆ-ում իր ելույթի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա, մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավոփրմանը, նշել է.
«Անկասկած ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր առաջնայնությունների շարքում է:
Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, դեկտեմբերի 6-ին հանդիպում ունեցա իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ. սա մեր վեցերորդ հանդիպումն էր մեկ տարվա ընթացքում և տևեց ավելի քան չորս ժամ: Ընդհանուր առմամբ այն անցավ դրական մթնոլորտում: Սակայն, հանդիպումից հետո ես նշեցի, որ տեսնենք, թե զարգացումներ կլինեն դրանից հետո: Ինչո՞ւ: Քանի որ այս տարվա հոկտեմբերին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած վերջին գագաթաժողովը նույնպես ընդհանուր առմամբ անցել էր դրական մթնոլորտում, սակայն դրանից անմիջապես հետո Ադրբեջանը վերադարձավ իր ավանդական անհիմն մեղադրանքներին և ռազմական հռետորաբանությանը:
Անցած շաբաթ ԵԱՀԿ նախարարական համաժողովին ունեցած իմ ելույթում մանրամասն անդրադարձա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն ընդունեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հայաստանը պատրաստ էր միանալ այդ հայտարարությանը, սակայն Ադրբեջանը հրաժարվեց և արդյունքում մեզ չհաջողվեց ընդունել Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահների համատեղ հայտարարություն: Սա բազմիցս է կրկնվել ԵԱՀԿ նախարարական հանդիպումների շրջանակներում։
Համանախագահների հայտարարությունը հերթական անգամ վերահաստատեց միջազգային իրավունքի երեք սկզբունքները, որոնք ընկած են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում: Դրանք են` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժաղովուրդրների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը: Այս սկզբունքները հակամարտության կարգավորման տարրերի հետ մեկտեղ մշակվել են համանախագահների կողմից որպես մեկ ամբողջություն: 2009 թվականի դեկտեմբերին այստեղ` Աթենքում, կայացած նախարարական համաժողովի ժամանակ ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունները, ներառյալ Ադրբեջանը, հավանություն են տվել դրանց: Սակայն, դրանից ի վեր Ադրբեջանը հետքայլ է կատարել և հրաժարվում է վերահաստատել դրանք: Հայաստանը բազմիցս հայտարարել է իր պատրաստակամության մասին շարունակել բանակցություններն այդ սկզբունքների և տարրերի հիման վրա` ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»: