Ճապոնացի գնորդին հետաքրքրում է հայկական գինին, մեղրը և չրերը․ դեսպան
Ճապոնական գնորդին հետաքրքրում է հայկական գինին, մեղրը և չրերը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին։
Նրա խոսքով՝ հայտնի ճապոնական արտադրանքներին՝ մեքենաներին և կենցաղային տեխնիկային, կարող են նաև ավելանալ բժշկական սարքեր, սարքավորումներ, նոր տեխնիկա։ «Կարծում եմ, դա հնարավոր է և կհետաքրքրի շուկային։ Ինչ վերաբերում է արտահանմանը՝ Ճապոնիայում կհետաքրքվեն հայկական գինիով, մեղրով և չրերով»,-նշեց դեսպանը։
Դիվանագետը տեղեկացրեց, որ ամեն տարի Ճապոնիայում սննդի ցուցահանդես է անցկացվում. «2018 թվականին այդ ցուցահանդեսին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Նրանք կներկայացնեն գինի, կոնյակ, մեղր, չիր և ճապոնական գործընկերների հետ գործարար հարաբերություններ կհաստատեն: Հետաքրքիր են նաև ՏՏ, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում ներդրման հնարավորությունները: Կառավարությունները նախատեսում են ներդրումների խթանման շուրջ համատեղ ծրագրի մշակում»,-նշեց Էյջի Տագուչին: