Վերահսկիչ պալատին կփոխարինի Հաշվեքննիչ պալատը. Վերջինն ավելի անկախ է լինելու
Հայաստանի ազգային ժողովն, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առաջին ընթերցմամբ 97 կողմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Հաշվեքննիչ պալատի» մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:
Ըստ այդմ, 2018 թ. ապրիլից Հայաստանի Վերահսկիչ պալատը կդառնա Հաշվեքննիչ պալատ, որը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով:
Հաշվեքննիչ պալատի ստեղծումը նպատակ ունի վերահսկողությունից անցում կատարել հաշվեքննության, նաև Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության ինդոսային ստանդարտներին համահունչ Հաշվեքննիչ պալատ ունենալ:
Նշվում է, որ Հաշվեքննիչ պալատը ինքն է հաստատելու իր գործունեության ծրագիրը և լինելու է ավելի անկախ մարմին, քան Վերահսկիչ պալատը: Եթե Վերահսկիչ պալատը եզրակացություն էր ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի մասին կառավարության ներկայացրած տեղեկանքի վերաբերյալ, ապա Հաշվեքննիչ պալատը ներկայացնելու է պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննություն: