Ի՞նչ արտոնություններից կօգտվեն բազմազավակ ընտանիքները. պարզաբանում է նախարարության պաշտոնյան
«Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծով Հայաստանում բազմազավակ ընտանիքները կօգտվեն մի շարք արտնություններից, այդ թվում արտոնյալ պայմաններով տեխնիկա գնելու հնարավորությունից: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը` հավելելով, որ այդ այդ արտոնությունները վերաբերում են կրթական, առողջապահական, ընտանեկան բիզնեսի և այլ ոլորտներին:
Նա նշեց, որ օրենքով կարգավորվելու, սահմանվելու է, թե որ ընտանիքն է հանրապետությունում համարվելու բազմազավակ: Ըստ օրենքի` 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը համարվելու է բազմազավակ:
Ըստ բանախոսի` բազմազավակ ընտանիքների կարիքները որոշվել են կատարված մի քանի հետազությունների հիման վրա:
«Այդ հետազոտությունների հիման վրա որոշել ենք այն կարիքները, որոնք մեր բազմազավակ ընտանիքներին պետք է լինելու: Դրանցից առաջինը առողջապահությունն է, որն օրենքում ամրագրում է բազմազավակ ընտանիքի անդամների, իսկ անդամ համարվում են հայրը, մայրը և երեխաները, անվճար և արտոնյալ պայմաններով բուժում ստանալու իրավունքը: Երկրորդ ուղղությունը կրթական աջակցությունն է, որը ներառում է նախակրթությունից մինչև բարձրագույն կրթություն արտոնյալ պայմաններով կրթության իրավունք»,-ասաց Վանիկ Բաբաջանյանը` հավելելով, որ նախանշված ուղղություններ են հանդիսանում նաեևբնակարանային պայմանների բարելավումը, բնակարանների ձեռքբերման աջակցումը, զբաղվածության եւ ինքնազբաղվածության ավելացումը:
Վանիկ Բաբաջանյանի խոսքով` աջակցման կարևոր ուղղություն է հանդիսանում նաև այն, որ բազմազավակ ընտանիքները խիստ արտոնյալ պայմաններով կկարողանան ձեռք բերել կենցաղային տեխնիկա:
Նա նշեց, որ Հայաստանում պաշտոնապես 7400 բազմազավակ ընտանիք է բնակվում: