Այսօր բոլոր ժամանակների լավագույն կիթառահարի ծննդյան օրն է (լուսանկարներ, տեսանյութ)
Բիլբորդի կողմից ճանաչված և Ռոլլինգ Սթոուն ամսագրի կողմից հաստատված աշխարհի բոլոր ժամանակների լավագույն կիթառահար, բլյուզմեն և ռոք երաժիշտ Ջիմի Հենդրիքսը (ամբողջական անունը Ջեյմս Մարշալլ Հենդրիքս) ծնվել է 1942 թվականի այս օրը՝ նոյեմբերի 27-ին, Սիեթլ քաղաքում, Վաշինգտոն, ԱՄՆ:
Հենդրիքսը ամերիկացի կիթառահար-վիրտուոզ, երգիչ և կոմպոզիտոր է, ում 2009 թվականին Time ամսագիրը անվանեց բոլոր ժամանակների լավագույն կիթառահարը:
Հայտնի է որպես ամենահամարձակ ու ամենահնարամիտ վիրտուոզներից մեկը ռոքի պատմության մեջ, առաջնորդել է իր՝ The Jimmy Hendrix Experience ռոք խումբը:
Հենդրիքսին դեռ կենդանության օրոք անվանում էին ֆենոմեն և հանճար։ Նա էլեկտրոկիթառի հնչողության նոր եղանակներ հայտնագործեց։
Հենդրիքսի նորամուծությունների մասին խոսելիս քննադատները նշում են, որ նա ընդլայնեց էլեկտրոկիթառի դիապազոնն ու բառարանը և փոխեց ռոք երաժշտության դեմքը։
Նա նաև եղել է 1960-ականների գաղափարական ուղղության՝ հիպպիների համար հոգևոր առաջնորդ, ով պայքարում էր ոչ թե դանակով այլ սիրով ու երաժշտությամբ:
Հենդրիքսը մահացել է 1970 թվականի սեպտեմբերի 18-ին,Լոնդոնում (Մեծ Բրիտանիա): Մահվան պատճառը քնաբեր հաբերից թունավորումն էր, սակայն վարկած կա՝ թմրանյութերի չափից շատ օգտագործման մասին:
Հենդրիքսը թաղվել է Ռենտոնի (Վաշինգտոն նահանգ) Գրինվուդյան Հիշատակի այգում:
2010 թվականի մայիսին BBC News-ը հայտնեց, որ Ջիմի Հենդրիքսի լոնդոնյան տանը բացվում է նրա թանգարանը, նվիրված մեծ երաժշտի մահվան 40-ամյակին։ Թանգարանում ներկայացված են ձեռագիր ստեղծագործությունները, հագուստը և այլ հիշատակի իրեր։