Տուժողը պատմել է բնակարանային կողոպուտի մասին (տեսանյութ)
Լոռու մարզի ոստիկանությունը բացահայտել է Գյուլագարակում տեղի ունեցած բնակարանային գողությունը և հայտնաբերել հանցագործին:
Երբ հանցագործը մտել է բնակարան տանտիրուհին` 50-ամյա կինը, ննջարանում քնած է եղել:
«Արթնացա, տեսա գլխավերևս մի հատ բոյով, նիհար տղա է կանգնած, ես սարսափահար գոռացի, ինքը անմիջապես կապիշոնը քաշեց գլխին, ձեռքի փայտով խփեց գլխիս: Ես ճչացի, ինքը վախից փախավ»,-պատմել էր տուժողը ոստիկաններին` նշելով, որ գողը բնակարանից ոսկեղեն էր տարել:
Տուժողն անմիջապես կողմնորոշվել էր և դեպքի մասին տեղեկացրել հարևաններին ու ոստիկանությանը:
Տուժողի նկարագրած տվյալներով ոստիկանները բերման էին ենթարկել նույն գյուղի բնակիչ 23-ամյա Հովիկ Մատինյանին, ով օրեր առաջ էր ՌԴ-ից ժամանել Հայաստան:
Առերեսման ժամանակ տուժողը ճանաչել է նրան և պնդել, որ հանցագործությունը 23-ամյա երիտասարդն է կատարել:
Ձեռնարկվում են անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ կողոպուտի հանգամանքները պարզելու, նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: