140 լիտր դիզվառելիքի յուրացում՝ զորամասերից մեկում
Ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ ՊՆ պաշտոնատար անձ՝ դիզվառելիք յուրացնելու համար: Մեղադրական եզրակացության համաձայն Արտակ Մաթևոսյանը ՀՀ ՊՆ N զորամասի զենիթահրթիռային դիվիզյոնի հրամնատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալն է:
Նա շահադիտական նպատակով իր ծառայողական գործունեության կապակցությամբ կատարել է պաշտոնական կեղծիք: Մաթևոսյանը 58,191 դրամ արժողությամբ 140լ. դիզվառելիքը յուրացնելու նպատակով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ապրանքագրում դիտավորությամբ մտցրել է ակնհայտ կեղծ գրառումներ: Դրանք վերաբերել են ինժեներական աշխատանքներ կատարելու համար 140լ. դիզվառելիք դիվիզիոնի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պահեստից դուրս գրելուն: Բացի այդ Ա.Մաթևոսյանը՝ օգտագործելով իր պաշտոնական դիրքը, կտարել է յուրացման փորձ:
ՎՔՆ ծառայության պահեստից թվով 7 հատ պլաստմասե տարաների մեջ լցնելով և իր կողմից վարած «Նիսսան Տիդա» ավտոմեքենայի մեջ տեղավորելով յուրացնելու նպատակով դիվիզիոնի տարածքից դուրս է բերել զորամասին հատկացված 140լ դիզվառելիքը: Այնուհետև այն տեղափոխել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին գործող բենզալցակայան: Սակայն ճանապարհին հայտնաբերվել է ՀՀ ՊՆ Մարտունու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից:
Իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք նաև, որ գործը քննվում է Մարտունու ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ: