Արամ Սարգսյանը գովաբանել է ցուցարար ուսանողներին
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում ցուցարար ուսանողների հետ հանդիպման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշել է.
«Այդ առումով ես կանխատեսելի եմ՝ իմ անցած փորձով, արած քայլերով: Այն, ինչ որ ուսանողությունն անում է, համարում եմ ճիշտ: Ես հակված չեմ քննադատելու այն մարդկանց, որոնք սեփական առողջությունը վտանգի տակ դնելով, քայլերի են գնում: Որպես մարդ, իհարկե, կոչ կանեի հացադուլից դուրս գալու, որովհետև, եթե հացադուլ անելով էդ խնդիրը լուծվեր, ես էլ հացադուլ կանեի, բայց հանրապետական մեծամասնությունը տենց բաների չի նայում, խնդիրները այլ հարթության վրա է դրել:
Բայց ուսանողությունը անկանխատեսելի է, ես չգիտեմ վաղը ինչ կանի, գուցե այնպիսի քայլ անի, որ իշխանությունը ստիպված լինի նահանջելու: Դա արդեն ձեր մտքի ճկունության խնդիրն է:
Իմ ունեցած փորձը բոլորիդ աչքի առաջ է եղել, ժամկետ ենք տվել, եկել ենք նախագահականի մոտ, դժբախտաբար մեր քայլերը օգուտ չեն տվել, դեռ ընդդիմություն եմ, ու այդ առումով զերծ կմնամ խորհուրդներ տալուց»
Սարգսյանը նշել է, որ իշխանությունները նայել են բանակի թվերը, և որպես լուծում այս տարբերակն են գտել, ինչն իրականում լուծում չի. «Նրանք վտանգ տեսնելով սահմանամերձ գոտիներում զորակոչը լրացնելու համար էս լուծումն են գտել և պնդում են իրենց տեսակետը:
Նա հիշեցրեց, որ իր եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը ևս ժամանակին տարկետումը հանելու նախաձեռնությամբ է հանդերձ եկել ու չի կարողացել անցկացնել. «Հիմա Վիգեն Սարգսյանը անցկացնում է, մի քիչ ամոթ է: Իսկ պատճառն այն է, որ այն ժամանակ իշխանության թևերի տարանաջման սկզբունքը գործում էր»:
Արամ Սարգսյանն ընդգծեց, որ ինքը դեմ է քվեարկելու տարկետումը սահմանափակող օրինագծին, ելույթներով հիմնավորելու է իր տեսակետը: