Ուսանողները շարունակում են դասադուլը․ այսօր շարժվելու են դեպի Ազգային ժողովի շենք (ուղիղ)
Տարկետման իրավունքը խիստ սահմանափակելու դեմ ուսանողների բողոքի ակցիան ԵՊՀ-ի դիմաց այսօր կրկին շարունակվում է: Նրանք արդեն 4-րդ օրն է, որ դասադուլ են անում: Ուսանողներն այս պահին երթով անցնում են ԵՊՀ բոլոր մասնաշենքերով: Ինչպես տեղեկացրել են «Հանուն գիտության զարգացման» ֆեյսբուքյան խմբի անդամները, այսօր ուսանողները շարժվելու են դեպի Ազգային ժողովի շենք:
Հիշեցնենք, որ դասադուլավորները երեկ հանդիպում են ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Վարչապետն ու պաշտպանության նախարարն էլ հայտարարել էին, որ նախատեսվելու է օրենքից բխող մոտ 7 տասնյակ կառավարության որոշումների ընդունում, և ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին առաջարկվել է ընդգրկվել այդ որոշումների նախագծերը մշակող աշխատանքային խմբում ու ներկայացնել իրենց առաջարկներն ու մոտեցումները, սակայն ուսանողների կողմից առաջարկությունը չի ընդունվել: