Մարզերում նույնպես մանկապարտեզները պետք է անվճար լինեն. Վահրամ Սողոմոնյան
Այսօր «2018թ․ պետբյուջեում կրթության ֆինանսավորման հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը հայտարարել է‚ որ ՀՆԱ-ի մեջ կրթության տոկոսը 2 տոկոսից էլ ցածր դարձնելու միտումը շատ մտահոգիչ է։ Մինչդեռ՝ այս տարվա բյուջեով կրթության ոլորտին հատկացվել է ՀՆԱ 2,34 տոկոսը:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության համաձայն,158 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 136-րդ տեղում։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կհայտնվի աշխարհի երկրների վերջին տասնյակում»,-նշել է նա։
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն առաջարկում է՝ կառավարության բյուջեում որպես նպատակակետ ընտրվի կրթությանը հատկացնել ՀՆԱ-ի 3 տոկոսը, իսկ որպես հեռակա նպատակ այդ ցուցանիշը հասցվի 4․5 տոկոսի։ «Այս միջոցները պետք է ծախսվեն դպրոցների ու մանկապարտեզների պայմանների բարելավման համար։ Ավելին, պետք է ինչպես Երևանում է, այնպես էլ մարզերում պետք է գործեն անվճար մանկապարտեզներ»,-հայտնել է բանախոսը։