Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու հետ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքում սպանվեցին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանևսկոյի մտերիմները` Կարեն Դավթյանը և Լևոն Ավետիսյանը:
Տեսակետ կար, որ սա հետևանք է վենդետայի, և սպանվածները կապ ունեին Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստված մահափորձի հետ: Կատարվածից անցել է 14 օր, սակայն սպանությունը դեռևս բացահայտված չէ:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ԱԱԾ` հետաքրքրվելով, թե սպանված Կարեն Դավթյանը և նրա վարորդը` Լևոն Ավետիսյանը, ինչ առնչություն ունեին մայիսի 24-ին քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ կատարված սպանության նախապատրաստության առթիվ հարուցված քրեական գործի հետ, դատավարական ինչ կարգավիճակ ունեին:
ԱԱԾ-ից սակայն քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը պատասխանել է. «Կարեն Դավթյանը և Լևոն Ավետիսյանը սույն քրեական գործով որևէ դատավարական կարգավիճակ չունեն և չեն հարցաքննվել»: Այսինքն՝ նրանք կապ չե՞ն ունեցել Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու հետ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: