Միլիոնավոր դրամների պարտք պարարտանյութի դիմաց. ՀՀ մի շարք մարզպետարանների դատի են տվել
ArmLur.am-ը գրում է. Յուրաքանչյուր տարի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում գյուղացիները մատչելի գներով ազոտական պարարտանյութեր են ստանում։ Դրանց մատակարարումները իրականացնում է «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն։ Սակայն գյուղացիները միլիոնների հասնող դրամներ են պարտք մնացել ընկերությանը:
Արդյունքում նշված ընկերությունը գումարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ մի շարք մարզպետարանների: Տարիներ շարունակ պարարտանյութերի ձեռքբերման և իրացման ոլորտում գործել է պետական աջակցության ծրագիր, ինչի արդյունքում գյուղացիները շուկայականից ցածր գնով ձեռք են բերում ազոտական պարարտանյութ, որի գնի մի մասը սուբսիդավորվում է պետության կողմից: Նշենք, որ 5 տարի շարունակ` 2012-2017 թվականներին, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարարը «Մասիսի Բերրիություն» ընկերությունն է: Օրինակ՝ այս տարվա բյուջեով 244 մլն 661 հազար 700 հազար դրամ հատկացվել է նշված ընկերությանը` ազոտական պարարտանյութերի մատակարարումները ՀՀ կազմակերպելու նպատակով:
Բացի այս՝ 92 մլն 759 հազար դրամ էլ տրամադրվել է ներմուծված այդ ազոտական պարարտանյութերի բեռնման և գյուղեր բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Սակայն գյուղացիները 2015 և 2016 թվականներին ձեռք բերած պարարտանյութերի դիմաց կուտակած պարտքերը չեն կարողանում մարել: Իսկ այս ամենի պատճառն այն է, որ գյուղապետերը գյուղացիներին պարարտանյութը տրամադրել են գումարը բերքահավաքից հետո ստանալու պայմանով:
Բայց գյուղացիներն էլ իրենց հերթին արդարանում են, որ բերք չեն հավաքել, հետևաբար չեն կարող մարել: Գումարը հավաքագրելու նպատակով էլ ընկերությունը դիմել է դատարան` ընդդեմ Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռի, Արմավիրի մարզպետարանների: Իսկ այս տարի գյուղատնտեսության նախարարությունը մարզպետարաններին և գյուղապետարաններին պարտադրել է, որպեսզի գյուղացիներին ազոտական պարարտանյութ, դիզվառելիք և սերմացու տրամադրեն միայն կանխիկ տարբերակով:
Մանրամասները՝ այստեղ: