Ադրբեջանում արգելու՞մ են «26» թիվը
Աշնան գալուն հետ մեկտեղ սրացել են նաև հոգեկան խնդիրները Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովի մոտ: Այն, որ Բաքվի 73-ամյա քաղաքապետի մոտ հոգեկան խնդիրներ կան, նույնիսկ չեն թաքցնում իշխանական ԶԼՄ-ները:
Այսպես, Հաջիբալա բեյը, իմանալով, որ Բաքվի Սաբայիլի շրջանում, «Սահիլ» այգու (Բաքվի «26 կոմիսարների այգին») մոտ գործում «26»՝«Twenty six» սրճարանը, մեծ քանակությամբ ոստիկանների ուղեկցությամբ ժամանել է այդտեղ և հայտարարել, որ «26» անունով սրճարանի գուծունեությունը Ադրբեջանում անընդունելի է:
«Մարդասպանների հանցակիցները, որոնք ցեղասպանության են ենթարկել ադրբեջանցիներին մինչև հիմա ողջ են: Դրա արդյունքում էլ Գրողների միության շենքի վրա հայտնվել է «26» թիվը՝ «Twenty six»-ը:Թող նրանք, ովքեր վատ գիտեն իրենց երկրի պատմությունը գիտենան, որ քանի դեռ ողջ է ադրբեջանցի ազգը, նա միշտ կհիշի դաշնակցականների չարագործությունները»,-հայտարարել է Աբութալիբովը: Նա նաև ասել է, որ սրճարանը կփակվի, իսկ գույքը կառգրավվի: Այս խայտառակությանն ակտիվ մասնակցել է Բաքվի փոխոստիկանապետը, ում ցուցումով ձերբակալվել է Գրողների միության շենքում տեղակայված «26» սրճարանի տարածքի վարձակալը:
Բաքվի անմեղսունակ քաղաքապետը «դաշնակցականացրել» է Ստեփան Շահումյանին և նրա մյուս կոմունիստ ընկերներին: Չեմ զարմանում, քանի որ սեփական պատմություն չունեցող 99-ամյա ադրբեջանցի ազգի համար Ալիևի աշխատակազմում նստածները պատմություն են հորինում: Իսկ Աբութալիբովն էլ ադրբեջանցի ազգի պատմությունը հորինողներից է, ում համար Ստեփան Շահումյանը և Բաքվի մյուս կոմիսարները դաշնակցական են:
Ադրբեջանական ԶԼՄ-ներին հաջողվել է պարզել, որ դաշնակ Շահումյանի և նրա ընկերների անունով փողոց կա Բաքվում, որը գտնվում է քաղաքի Սաբունչիի շրջանում: Այդ փողոցի անվան ցուցանակներով լուսանկարները ողողել են համացանցի ադրբեջանական տիրույթը: Ազերի օգտատերերը, հեգնելով Հաջիբալա բեյին, առաջարկում են սկզբից ձերբազատվել փողոցից, իսկ հետո նոր 26 թվից: Այս ամենի խայտառակությունն Ադրբեջանի համար շատ դիպուկ ներկայացրել է Ադրբեջանի Գրողների միության քարտուղար Չինգիզ Աբդուլաևը, ով իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով սրճարանի փակման դեպքին, գրել է. «Արդեն մարդիկ մեզ վրա ծիծաղում են ԱՄՆ-ում, Իսրայելում, Ռուսաստանում: Բոլոր նրանց, ովքեր ծնվել են ամսի 26-ին, առաջարկում են փոխել ծննդյան օրը, մեքենաների և ավտոբուսների վրա արգելել փակցնել 26 համարը...»:
Իրոք, շատ դժվար է գործ ունենալ մի երկրի հետ, որտեղ պատմություն կեղծելը և թվերի հետ «պատերազմ» մղելը հովանավորվում է բարձր մակարդակով:
Հ.Գ. «26» թվի դեմ Աբութալիբովի պայքարը և բացահայտ ատելությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ վերջինիս համար: Հաջիբալան մոռանում է, որ 1964 թ-ի օգոստոսի 26-ն է ծնվել Ալիևների սրբացված ընտանիքի ամենակարևոր ներկայացուցիչներից մեկը՝ երկրի փոխնախագահ, բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների արդյունքում չծերացող «սառցե արքայադուստր» Մեհրիբան Ալիևան:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: