Փողոցների անվանափոխությունը հակառուսական քայլ է. Ֆերդինանտ Առաքելյան
Այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանը հայտարարեց, որ ինքն իրեն կոմունիստական գաղափարախոսության կրող չի համարել ու չի համարում, սակայն միանշանակ մերժում է «Ելք» խմբակցության՝ այն փողոցների անվանափոխության պահանջը, որոնք կոմունիստական շրջանի անհատների անուններով են:
«Չի կարելի նեղացնել աշխարհայացքն ու քաղաքակրթությունը, պետք է լայն նայել: Ի՞նչ է նշանակում, որ պետք է ամեն ինչ փոխել: Ես ուրախ եմ, որ այսօր համալսարանում շատ լեզուներ են սովորում՝ անգլերեն, չինարեն և այլն, բայց ինչո՞ւ է այս օրերին այս թեման շոշափվում»,- ասաց ճարտարապետը:
Առաքելյանի խոսքով՝ ցանկացած ժամանակաշրջանի առաջնորդներ ունեցել են իրենց թերությունները, սակայն անթույլատրելի է անցյալը ջնջելը: Ֆերդինանտ Առաքելյանի գնահատմամբ՝ փողոցների անվանափոխման հիմքում հակառուսական տարր է ընկած:
«Գուցե սխալներ արել են սովետական գործիչները, բայց նույն Գրիբոյեդովը մեզ համար զոհվեց, մենք էլ նրանց համար ենք զոհվել: Սրա նպատակն այն է, որ հայ ժողովրդին հանեն ռուսների դեմ»,- ասաց նա:
Ֆերդինանտ Առաքելյանը նշեց, թե կա նաև հոգու ճանապարհ, որով էլ կապված են հայ ու ռուս ժողովուրդները: Նա շեշտեց՝ ՌԴ-ում էլ կան հայկական եկեղեցիներ, և հարցադրում արեց՝ ի՞նչ է, նրանք էլ պետք է քանդե՞ն հայկականը:
«Մարդկային պատմությունը քաղաքակրթական կամուրջներով է կառուցվել, չի կարելի քանդել այդ կամուրջները: Հիմա էլ կարող են հանել այն անունները, որոնք հակազգային են եղել, բայց այնպես պետք է անել, որ ռուս ժողովուրդը չզգա, որ իրենց դեմ է ուղղված: Ի՞նչ է, պատմության մեջ միայն սովետական գործիչներ են, ի՞նչ է Չինգիզ խանը արյան հեղեղով երկիր չկառուցե՞ց, Մակեդոնոցին չէ՞ր թալանում, Նապալեոնը չէ՞ր թալանում»,- ընդգծեց Առաքելյանը: