Ռումինիա-Հայաստան խաղի տոմսերը հայ երկրպագուներին կվաճառվեն 3.30 եվրոյով
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Ռումինիա - Հայաստան հանդիպման տոմսերը հայ երկրպագուները կկարողանան ձեռք բերել օգոստոսի 31-ին՝ ժամը 12:00-19:00, և սեպտեմբերի 1-ին՝ 12:00-ից մինչև հանդիպման մեկնարկը Բուխարեստի «Արենա Նացիոնալա» ստադիոնի՝ հայ երկրպագուների համար հատկացված տոմսարկղից:
Տոմսարկղի վրա կլինի ցուցանակ՝ «Հայ երկրպագուներին հատկացված սեկցիայի տոմսերի վաճառքի կետ» գրությամբ: Սկզբնապես հայ երկրպագուների համար վաճառվելու են մարզադաշտի N 126 սեկցիայի տոմսերը: Տոմսերի վաճառքի թվից ելնելով՝ հայկական կողմին կարող են տրամադրվել նաև 125, 355 և 357 սեկցիաները: Տոմսերի արժեքն է 15 ռումինական լեյ (3.30 եվրո, Հայաստանի ԿԲ-ի փոխարժեքով 1 լեյը հավասար է 122 դրամի): Տոմսերը գնելիս անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը պարտադիր է: