Երևան-Իջևան ճանապարհին 49-ամյա վարորդը «Нива»-ով վրաերթի է ենթարկել Ճանշինի մեխանիկին ու 2 բանվորի
«Shamshyan.com»-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Սենիկ Սարիբեկյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 130-րդ կմ հատվածում իր վարած «ВАЗ 2121» մակնիշի 19 ՕՕ 320 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհաշինարարներ՝ մեխանիկ Տիգրան Հարությունյանին և բանվորներ Շահեն Ոսկանյանին ու Աշոտ Ալիխանյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Դիլիջանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Հարություն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։