Հայկական դոլմայի և խորովածի փառատոներ կանցկացվեն Թբիլիսիում, Մոսկվայում և Վաշինգտոնում
յսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը հայտնեց, որ 2018 թվականին հայկական դոլմայի և խորովածի փառատոներ կանցկացվեն Թբիլիսիում, Մոսկվայում և Վաշինգտոնում:
Թբիլիսիում, որտեղ առաջին տարին չէ, որ փառատոնն անցկացվում է, այն ճանաչում և սիրում են: Բացմանը պաշտոնական հյուրեր են մասնակցում ոչ միայն հայ համայնքից, այլ նաև Վրաստանի խորհրդարանից: Մյուս տարի ավելի մեծ թվով ցանկացողների տեղավորելու համար, փառատոնի մակերեսը կընդարձակեն: «Դրանից բացի, մեր խոհանոցի նույնպիսի տոներ ենք ցանկանում անցկացնել նաև Ռուսաստանի քաղաքներում՝ Կալինինգրադում, Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում, ինչպես նաև ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում»,- հավելեց Մամուլյանը:
Նրա խոսքով՝ բաղադրամասերը կաշխատեն հնարավորության սահմաններում Հայաստանից տանել, բայց եթե անգամ չհաջողվի, ապա ամեն ինչ կլրացնեն վարպետների հմտությունն ու հոտառությունը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Տուրիզմի պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին հիշեցրեց, որ հուլիսի սկզբին հայկական դոլման հաղթել է «Մետաքսի ճանապարհի գաստրոնոմիական ուղիները: Ճանապարհորդություն համի հետ» համաժողովում, որն անցկացվել է Աստրախանում:
«Մենք կարող ենք զբոսաշրջիկներին ներկայացնել նաեւ մեր խոհանոցը: Խոհանոցը ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն է: Հենց այսպես ենք ցանկանում այն ներկայացնել»,- նշեց նա: