Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռեալ»-ի, «Բարսելոնա»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղերի մասին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է ԱՄՆ-ում ընթացող հավաքը, ինչպես նաև խոսել «Մանչեսթեր Սիթիի», Մադրիդի «Ռեալ»-ի և կատալոնական «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղերի մասին: Այս մասին հայտնում է «ՄՅՈւ»-ի կայքը:
«Վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» իմ լավագույն շրջանը դեռ առջևում է: Անհամբերությամբ եմ սպասում դրան, քանի որ գիտեմ, որ կարող ենք ավելին:
Պատրաստվում ենք ջանասիրաբար աշխատել ու հասնել մեր նպատակներին: Ինձ լավ եմ զգում: Նախամրցաշրջանային խաղերում գոլեր խփելը գլխավորը չէ, ինչի մասին ես մտածում եմ: Ավելի կարևոր է պատրաստվել և լինել լավ մարզավիճակում:
«Մանչեսթեր Սիթի»-ի դեմ առաջիկա խաղը ստուգողական է, բայց, եթե խորանանք, այնքան էլ ընկերական չէ: Առաջիկա խաղերը շատ կարևոր են մեզ համար: Կխաղանք հաղթանակի համար այնքան լավ, որքան ի զորու ենք, քանի որ, վերջիվերջո, խաղալու ենք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ: Կարևոր չէ՝ դա ընկերական հանդիպում է, թե՝ ոչ: Ցանկանում ենք հաղթել բոլոր խաղերում: Նշանակություն չունի մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է, «Ռեալը», թե «Բարսելոնան»: Մենք պարզապես փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, և դա շատ կարևոր է մեզ համար:
Ինչ վերաբերում է թիմի նորեկներ Ռոմելու Լուկակաին ու Վիկտոր Լինդելյոֆին, նրանք լավ են մարզվում: Նրանք շատ լավ տղաներ են, որոնց մենք փորձում ենք օգնել թիմում հարմարվելու հարցում: Դա շատ կարևոր է, քանի որ մենք նրանց կարիքն ունենք մրցաշրջանի մեկնարկում: Հնարավոր ամեն բան կանենք նրանց թիմում հարմարվելու հարցում օգնելու համար»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը: