Դանակահարված հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը մահացել է
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանը, ով հուլիսի 17-ին դանակահարվել էր, հիվանդանոցում մահացել է:
Ինչպես հաղորդվում է, Ռուբեն Պողոսյանը մահացել է գիշերը ժամը 04.00-ի սահմաններում, կրկնակի ծանր ինֆարկտի զարգացման և կարդիոգեն շոկի հետևանքով:
Հուլիսի 17-ին՝ ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռ. Պ.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռ.Պ.-ի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ: