Արցախի ՄԻՊ-ը գնահատել է թալիշցիների՝ Թալիշ վերադառնալու ռիսկերը
Այսօր՝ հուլիսի 14-ին, Արցախին եվրոպական մարդասիրական կազմակերպությունների կողմից օգնություն տրամադրելու ՀԲԸՄ միջոցառման ժամանակ, լրագրողների հետ զրույցում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադառնալով Թալիշում բնակվողների համար վտանգավորության խնդրին, նշել է, որ Արցախի Հանրապետությունը փորձում է անել իրենից կախված ամեն բան, որպեսզի անվտանգության մակարդակը հնարավորինս բարձր լինի:
Հարցին, թե որքանո՞վ է անվտանգ այսօր թալիշցիների համար՝ վերադառնալ իրենց բնակավայրերը, նա պատասխանել է. «Արցախի Հանրապետությունն իրենից կախված ամեն ինչ փորձում է անել, և շատ հաճախ դա դրսևորվում է շատ կոնկրետ և հստակ ծրագրված միջոցառումների միջոցով, որ անվտանգության մակարդակը լինի հնարավորինս բարձր, բայց մենք գիտենք՝ ում հետ գործ ունենք»:
Նրա խոսքով, անվտանգությունը սև ու սպիտակ երևույթ չէ. «Չի կարելի ասել՝ Ստեփանակերտում բացարձակ անվտանգ է, Թալիշում բացարձակ վտանգավոր է, այդպես չէ: Բնականաբար, շփման գծից հեռավորությունը որոշակի ազդեցություն ունենում է անվտանգության մակարդակի վրա»: