Որևէ նշանակություն չունի քաղաքական համակարգը՝ մարդու իրավունքների տեսանկյունից. Արցախի ՄԻՊ
Այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ինքը քաղաքական գործունեություն չի իրականացրել և մոտակա ժամանակներս չի պատրաստվում իրականացնել:
Դիտարկմանը, թե՝ կար ժամանակ, երբ Արցախում ընդդիմության ներկայացուցիչն ընտրվում էր Ստեփանակերտի քաղաքապետ, իսկ հիմա Սահմանադրություններ են փոխվում, որպեսզի նախագահի պաշտոնավարումը երկարաձգվի, սա չի՞ խանագրում եվրոպական քաղաքակրթության մաս դառնալուն, Մելիքյանը պատասխանեց. «Ձեր հարցը քաղաքական բովանդակություն ունի, իսկ մարդու իրավունքների տեսանկյունից որևէ նշանակություն չունի քաղաքական համակարգը: Մարդու իրավունքները նույն ստանդարտը կարող են ունենալ թե՛ նախագահական, թե՛ պառլամենտական հանրապետություններում, թե՛ միապետություններում, և այլն: Մարդու իրավունքների խնդիրը ես կտարբերակեի: Եթե դուք կարող եք օրինակներ բերել, որտեղ որևէ կապ կարող է լինել մարդու իրավունքների պաշտպանվածության եւ այլ գործընթացների միջև, ես անպայման դրան կարձագանքեմ, բայց այս պահի դրությամբ նման խնդիր հայտնի չէ»: