Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում երկխոսությունը պետք է կարևորագույն միջոց հանդիսանա. բելգիացի սենատոր
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետին հանդես է եկել մամուլի ասուլիսով: Այս մասին հայտնում է «Artsakhpress.am»-ը:
Ասուլիսի ժամանակ Յորիս Պոշետին, նշել է, որ առաջին անգամ է այցելում Արցախ և բավականին մեծ տպավորություններ է ստացել:
«Այցելել եմ Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ծանոթացել եմ կենտրոն հաճախողների կատարած աշխատանքներին. պարզապես հիացած եմ, այնտեղ մեծ ներուժ կա: Իմ այցով ես բացահայտեցի Արցախը և տեղում ծանոթացա հակամարտության իրավիճակին: Այստեղ տեսա մեծ կազմակերպվածություն և, որ ամենակարևորն է, ես ինձ ապահով եմ զգում Արցախում»,-ասել է բելգիացի սենատորը:
Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Յ. Պոշետին մասնավորապես նշել է, որ երկխոսությունը պետք է կարևորագույն միջոց հանդիսանա:
«Ֆլամանդական խորհրդարանում կգործի Արցախի բարեկամության խումբ, որը լինելու է մեր առաջին, բայց և կարևոր քայլը: Ես նախատեսում եմ ակտիվ դերակատարություն ունենալ այդ հարցում»,- մասնավորապես նշել է Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը և հավելել, որ Եվրոպան մեծ ներուժ ունեցող քաղաքական մարմին է, որը կարող է նպաստել Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորմանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշեին: