Կառավարության կառուցվածքը կփոխվի․ կլինի 18 նախարար
Մասնավորապես, հավանության է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթի նպատակն է ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին՝ համաձայն որի նախարարների թիվը պետք է լինի տասնութը:
Բացի այդ, նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և կառավարման ձևը կիսանախագահականից խորհրդարանականի անցման գործընթացը սահուն անցկացնելու համար: Փոփոխությունների արդյունքում «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաև նրա տեղակալների պաշտոնների անվանումները:
Հավանություն է տրվել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է դատախազների և քննիչների երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքի սահմանափակումը վերացնելու անհրաժեշտությամբ: