Բրազիլիայի նախագահը պաշտոնապես կոռուպցիայի գործով կասկածյալ է դարձել
Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի դատավոր Էդսոն Ֆակինը թույլատրել է քրեական գործ հարուցել երկրի նախագահ Միշել Թեմերի նկատմամբ կաշառակերության մեջ մասնակցության առնչությամբ: Այս մասին գրում է «ТАСС»-ը՝ հղում տալով «Globo» հեռուստաալիքին:
Համապատասխան հայցը դատարան է ուղարկել երկրի Գլխավոր դատախազությունը: Այդկերպ Թեմերը պաշտոնապես կաշառակերության մեջ կասկածյալ է դարձել: Համաձայն Բրազիլիայի սահմանադրության՝ պետության ղեկավարը մասամբ է անձեռնմխելի քրեական հետապնդումից, այդ պատճառով հետաքննությունն իր առնչությամբ կսկսվի միայն բարձրագույն ատյանի համապատասխան որոշումից հետո:
Նախօրեին բրազիլական ձեռնարկատերեր Ժոեսլի և Ուեսլի Բատիստա եղբայրները Դաշնային գերագույն դատարան են ներկայացրել ձայնագրություն, որում Թեմերը խնդրում է կաշառել խորհրդարանի նախկին խոսնակ Էդուարդ Կունյային, ով նաև երկրի նախկին ղեկավար Դիլմա Ռուսսեֆի իմպիչմենթի հայտարարման նախաձեռնողն է եղել: