Ավելացվել են համայնքային բյուջեների սեփական եկամուտները
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյաը խոսեց համայնքային բյուջեների և համայնքների կողմից դրանց կառավարման մասին:
«Համայնքներին առաջարկվել է 2017 թվականի համայնքային բյուջեների սեփական եկամուտների պլանավորման հաշվարկային ցուցանիշները ավելացնել 10-20 տոկոսով` նախորդ տարվա համեմատությամբ»,- ասաց նա:
Ըստ այդմ` 01.05.2017 թվականի դրությամբ ՀՀ համայնքների կողմից` բացի Երևան քաղաքից, արդեն իսկ շուրջ 1.7 մլրդ դրամ ավելի է պլանավորվել անցած տարվա նույն ժամանակահատվածի տարեկան ցուցանիշի նկատմամբ:
Գործընթացը շարունակվում է և համայնքային ավագանիները քննարկում են համայնքային բյուջեներում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք հնարավոր է գյուղերում զարգացնել տուրիզմը, նախարարը պատասխանեց, որ արդեն աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ:
«Հուլիսի 1-ից սկսվում է գյուղական տուրիզմի առաջին փուլը, որը իր առաջին մուտքը ունենալու է Տավուշի և Լոռու մարզերի վեցական համայնքներից, սա նույնպես օժանդակություն է, որպեսզի այդ համանքներում ավելանան ֆինանսական հոսքերը»,- ասաց Լոքյանը: