Շարմազանովն այցելել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին և շնորհավորել նրանց Նոր տարին
Ապրիլի 19-ին եզդիական համայնքը տոնում է Նոր տարին՝ Մալաքե Թաուսը: Նոր տարվա առաջին օրը համարվում է ապրիլի 13-ից հետո ընկած առաջին չորեքշաբթի օրը: Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ եզդիները նախ այցելում են իրենց հանգուցյալներին:
Տոնական օրվա առթիվ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ է հանդիպել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանի և Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ:
Շնորհավորելով եզդի ժողովրդին Նոր տարվա առթիվ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են ազգային փոքրամասնությունների լիարժեք ինտեգրումը մեր երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին: Պարոն Շարմազանովը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի և հավելել, որ եզդիները պատմական տարբեր ժամանակներում օրհասական պահերին մշտապես եղել են հայ ժողովրդի կողքին. դրա վառ ապացույցը ապրիլյան քառօրյա պատերազմն էր:
«Թող այս Նոր տարին եզդիների համար լինի խաղաղության, բարօրության և երջանկության տարի»,- ևս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը երախտագիտությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանում լիովին պաշտպանված են եզդիների իրավունքները, ստեղծված են բոլոր պայմանները մշակութային, կրթական և սոցիալական գործունեության իրականացման համար: