Աբու Դաբիում կայացած ներդրումային համաժողովում ներկայացվել են նաև առողջապահության և դեղագործության ոլորտները
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ Աբու Դաբիում կայացած «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին:
Հայաստանի զարգացման հիմնադրամի և Աբու Դաբիի Առևտրի պալատի կազմակերպած համաժողովը միտված էր խթանելու Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի և գործարարների միջև շփումների ակտիվացմանը, ներկայացնելու Հայաստանի ներդրումային միջավայրը և տարբեր ոլորտներում փոխշահավետ ներդրումային նախագծեր: Համաժողովի շուրջ 300 մասնակիցների թվում են եղել պետական պաշտոնյաներ, հիմնադրամների ղեկավարներ, վերազգային ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։
Համաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
Համաժողովի օրակարգում ներկայացվել են շնորհանդեսներ գյուղատնտեսության և անասնաբուծության, էներգետիկայի, առողջապահության և դեղագործության, ՏՏ, զբոսաշրջության, անշարժ գույքի ոլորտների, Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների պատմությունների մասին, ներդրումային մի շարք նախագծեր։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է առողջապահության և դեղագործության ոլորտների ներդրումային հնարավորությունները, արտադրական հզորությունները, հեռանկարային ճյուղերը: Ոլորտում գործունեության իր հաջողված փորձն է ներկայացրել հայաստանյան «Fountain Medical Development» առողջապահական ընկերությունը։
«Հայաստանում դեղագործության ոլորտն ամենադինամիկ զարգացողներից մեկն է, որի համար կարևոր նախադրյալ են բարձր որակավորված մասնագետներն ու նորարարական մոտեցմամբ իրականացված հետազոտությունները: Հայկական դեղագործության ոլորտի ընդհանուր արտադրանքի կեսից ավելին արտահանվում է՝ տարեկան աճելով միջինը 20 տոկոսով: Երկրի ներքին շուկան գուցե փոքր է, բայց Հայաստանը դյուրացված մուտք է առաջարկում ԵԱՏՄ, ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրներ»,- նշվել է շնորհանդեսի ժամանակ։