ԱՄՆ-ն չի կարող օգնել հաղթել ահաբեկիչներին, նրանք միայն խնդիրներ են ստեղծում. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարծում, որ ԱՄՆ-ի զինծառայողների ներկայությունը Սիրիայում կօգնի իր երկրին հաղթանակ տանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք չենք կարծում, որ դա կօգնի: Ի՞նչ են նրանք պատրաստվում անել: Պայքարե՞լ «ԻՊ»-ի դեմ: Ամերիկացիները պարտվել են գրեթե բոլոր պատերազմներում: Նրանք պարտվել են Իրաքում, վերջապես նրանք ստիպված են եղել հանել իրենց ուժերը: Նույնիսկ Սոմալիում՝ չհաշված Վիետնամը և Աֆղանստանը»,- նշել է Ասադը հարցազրույցի ընթացքում:
«Նրանք հաջողության չեն հասել ոչ մի վայրում, որտեղ ուղարկել են իրենց զորքերը: Նրանք ընդամենը խնդիրներ են ստեղծել: Նրանց մոտ շատ լավ է ստացվում խնդիրներ ստեղծել և ոչնչացնել, սակայն նրանք շատ վատ են կարողանում լուծումներ գտնել»,- հավելել է Սիրիայի նախագահը: