Տարոն Մարգարյանն անցել է «գրոհի». ո՞րն է նոր հրահանգը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական ողջ ռեսուրսը կենտրոնացրել է, որպեսզի իր աներորդուն` Ռոբերտ Սարգսյանին, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Երևանի թիվ 1 ընտրատարածքից կրկին դարձնի պատգամավոր: «Ժողովուրդի» աղբյուրների պնդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի ու դրա ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների աշխատակիցներին հրահանգվել է Զեյթունում գրանցված քաղաքացիների ցուցակներ ներկայացնել:
Բանն այն է, որ Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով բացի Ռ. Սարգսյանից՝ առաջադրվել է նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը: Ու հիմա Տ. Մարգարյանն ուզում է, որ իրենք հնարավորինս շատ ձայներ ստանան նաև Զեյթունից, որպեսզի ռեյտինգային ցուցակում առաջինը իրենք լինեն, այլ ոչ թե Միհրան Պողոսյանը:
Այս իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար երեկ դիմեցինք քաղաքապետարանի լրատվական վարչություն, որտեղից հերքեցին այդ լուրերը: «Ո՞վ է նման բան ասել, որտեղի՞ց է Ձեզ նման ինֆորմացիան»,- տարակուսեց այդ վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ հավելելով, որ նման հրահանգ չի տրվել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում