Սա նոր խաղի կանոններով ընտրություն է. Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակով 3-րդ տեղը զբաղեցնող, ռեյտինգային ցուցակով թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը խոսեց ներքաղաքական իրավիճակի, առաջիկա ընտրությունների և դաշինքների մասին:
Նրա խոսքով՝ «Ազատ դեմոկրատների» թիմում հավաքվել են այնպիսիք, ովքեր մեծ փորձառություն ունեն: Ովքեր այս ցուցակում են, ազատական գաղափարներ ունեն, ինչպես նաև ՀՀ-ի համար եվրոպական տեսլականը հետապնող մարդիկ են: Եվ եթե մարդիկ ուզում են տեսնել այլընտրանքային քաղաքականություն, ապա կարող են ընտրել այս թիմին:
«Եթե քաղաքացիները մեզ վստահեն, ապա կկարողանան տեսնել այլընտրանքային քաղաքականություն, արդյունք կտեսնեն»,- պնդեց նա:
Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ՝ ՀՀ-ն արտաքին քաղաքականության ոլորտում պիտի ունենա ինքնուրույնություն: «Մեր հարևան Իրանն ուզում է մեզ ավելի էժան գնով գազ վաճառել, բայց մենք չենք կարող գնել. ինքնուրույնություն չունենք: Մենք այսպես չենք կարող ունենալ լավ տնտեսություն ու դրական հեռանկարներ: Իշխանության փոփոխության համար անհրաժեշտ չէ, որ բոլորը բոլորին միանան: Թիմը պիտի առաջարկի այն, ինչի մասին քաղաքացին է մտածում, ինչն ուզում է տեսնել քաղաքացին: Համոզիչ ծրագրերն ավելի կարևոր են, քան գլխաքանակն ու մարդաքանակը: Եթե ասենք՝ եկե՛ք միանանք, որ ՀՀԿ-ին «քցենք», միշտ լինելու են այնպիսիք, ովքեր չեն միանալու: Եթե ասենք՝ եկե՛ք մի կողմ թողնենք տարաձայնությունները, ապա ընթացքում լինելու են այնպիսիք, ովքեր պառակտում են առաջացնելու»,- շեշտեց նա:
Նրա պնդմամբ՝ պետք է հասկանանք, որ սա նոր խաղի կանոններով ընտրություն է: Այս նոր կառավարման համակարգի ելքում ԱԺ-ն շատ բան է որոշելու:
«Քաղաքացին չպիտի մտածի՝ բոլորդ բոլորիդ միացեք, որ ընտրենք ձեզ»,-նշեց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում: