«Հաջորդ թաղապետը ես եմ». սպառնացել է, որ ՀՀԿ-ի օգտին չաշխատողների համար «վատ կլինի»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մենք շարունակում ենք ահազանգեր ստանալ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներից։ Նրանք դժգոհում են, որ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը թաղապետարանի աշխատակիցներին անգամ աշխատանքային ժամերին է ստիպում գնալ և զբաղվել ՀՀԿ-ի շտաբային աշխատանքներով՝ հօգուտ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի` Սասի Արտակի:
Ավելին՝ Անտոնյանը թաղապետարանի աշխատակիցների մոտ մի քանի անգամ հայտարարել է, թե հաջորդ թաղապետն ինքն է լինելու և սպառնացել է՝ ՀՀԿ-ի օգտին չաշխատողների համար «վատ կլինի»։
Այս իրավիճակն ուշագրավ է այն իրողության համատեքստում, որ դեռևս փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր ադմինիստրատիվ ռեսուրսները չօգտագործել նախընտրական քարոզչության գործընթացում։ Բայց արի ու տես, որ այս հրահանգը ոչ բոլորն են ականջին օղ արել: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ կառավարություն. խոստացան արձագանքել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում