ՅՈւՆԻՍԵՖ-ն ահազանգում է. 1.4 միլիոն երեխայի սովամահության է մատնված
ՄԱԿ-ի Միջազգային մանկական արտակարգ հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը նախազգուշացրել է աշխարհի 4 երկրներում 1.4 միլիոն երեխայի հավանական սովամահության մասին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով BFMTV-ին:
Նշվում է, որ խոսքը Հարավային Սուդանի, Նիգերիայի, Սոմալիի և Եմենի մասին է: Փորձագետների եզրակացության համաձայն՝ Եմենում թերսնմամբ է տառապում 462 հազար երեխա, Նիգերիայում՝ 450 հազար, Սոմալիում՝ 185 հազար երեխա, մի քանի ամիս անց նրանց թիվը կարող է հասնել մինչև 270 հազարի։ Նույնքան երեխա սովի է մատնված նաև Հարավային Սուդանում։
Ավելի վաղ հայտնել էինք Հարավային Սուդանում տիրող իրավիճակի մասին: Հայտարարությամբ հանդես էր եկել նաև Հարավային Սուդանի վիճակագրական բյուրոյի ղեկավար Իսայա Չոլ Արուաին: Նրա խոսքով՝ առավել վատ է վիճակը երկրի հյուսիսային Վահդա (Յունիթի) նահանգում: 2013 թվականից Հարավային Սուդանը քաղաքացիական պատերազմի մեջ է՝ նախագահ Սալվա Կիիրի գլխավորած իշխանության ևընդդիմության միջև: Ավելի քան երկու միլիոն մարդ հարկադիր տեղահանության է ենթարկվել, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել հնարավոր ցեղասպանության շուրջ: