Այս ընտրություններից մենք սպասում ենք սկզբունքորեն նոր որակ. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների հավատարմագրված դեսպանների, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչների հետ:
Անդրադառնալով առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Այս ընտրություններից մենք սպասում ենք սկզբունքորեն նոր որակ: Մենք պատրաստակամ ենք անել ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները լինեն թափանցիկ»:
Գործադիրի ղեկավարն ավելացրել է, որ նոր ձևավորված կառավարությունն ամփոփել է գործունեության 100 օրը և շեշտել, որ այս ժամանակահատվածում կառավարության թիմը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ծառացած խնդիրների ախտորոշման նպատակով: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկայում հաշվետվությամբ կներկայացվեն այս ընթացքում ըստ ոլորտների կատարված աշխատանքները:
«Կարծում եմ, որ կառավարության թիմի անդամներն արդեն զգում են իրենց ոլորտների զարկերակները և այն, թե ինչ է պետք անել: Խնդիրները բազմաթիվ են, տնտեսական բլոկի հիմնական խնդիրն է՝ բիզնեսի համար մաքսիմալ հավասար, բաց և արդար պայմանների ստեղծումը: Եվ այդ առումով, մենք հայտարարել ենք, որ շատ փոփոխություններ պետք է անենք ու առաջին հերթին մենք պետք է փոխվենք»,- նշել է գործադիրի ղեկավարը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ներդրումային միջավայրի բարելավման նպատակով նախատեսվում է հարկային և մաքսային վարչարարության գործընթացի պարզեցում և ամբողջական անցում էլեկտրոնային համակարգի, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: