Վրաստանում սպառնացել են վերադառնալու դեպքում ձերբակալել Սաակաշվիլիին
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին անհապաղ կձերբակալվի, եթե փորձի երկիր վերադառնալ: Այս մասին գրում է «BBC»-ն:
Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին հիշեցրել է վրացի լրագրողներին, որ Սաակաշվիլին գտնվում է հետախուզման մեջ միանգամից մի քանի քրեական գործերով: Դրա հետ կապված ոստիկանությունը կձերբակալի նրան հենց որ նա Վրաստան ժամանի:
Սաակաշվիլին, ով այժմ աշխատում է որպես Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ, վերջերս հայտարարել էր, որ մտադիր է Վրաստան վերադառնալ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 8-ին:
Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թ-ին, երբ նոր նախագահ դարձավ Գեորգի Մարգվելաշվիլին: Նոր իշխանությունները Սաակաշվիլիի հանդեպ մի քանի քրեական գործ բացեցին: Նախկին նախագահին կասկածում են պետական միջոցները վատնելու, 2007 թ-ին բողոքի ակցիան ցրելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ընդդիմադիրներին ծեծելու գործում մասնակցություն ունենալու մեջ: