Սնանկացած հայ գործարարը Մոսկվայի դատարանում չոր հացադուլ է հայտարարել
Գործարար Արամ Պետրոսյանը, ով երկու ամսով կալանավորվել է Մոսկվայի կենտրոնում բանկի մասնաճյուղ գրավելու համար, որպես բողոքի նշան գործադուլ է հայտարարել: Այս մասին գրում է «Интерфакс» գործակալությունը:
«Այսօրվանից չոր հացադուլ եմ հայտարարում»,- Մոսկվայի դատարանում այսօր հայտնել է նա:
Ավելի վաղ Պետրոսյանը դատական նիստի ընթացքում հայտնել է, որ ինքը հանցագործ չէ, և խնդրել է իրեն չմեկուսացնել հանրությունից: «Ես հիվանդ մայր ունեմ, նա մի անգամ հազիվ չայրեց բնակարանը, նրան պետք է հետևել: Ես նրա համար ամեն երկու օրը մեկ ապուր եմ պատրաստում: Խնդրում եմ տնային կալանք կիրառել»,- հայտնել է մեղադրյալը:
Քննիչը կատեգորիկ դեմ է եղել տնային կալանքին, որովհետև Պետրոսյանը չի ապրում այնտեղ, որտեղ գրանցված է: